Անի Զալինյանը ընտրվել է Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը այդ երկրի խորհրդարանում։ Նրա ընտրվելը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Անի Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից, որը խորհրդարանում ստացել է 20 մանդատ։ Նախորդ ընտրությունների արդյունքներով այս դաշինքը խորհրդարանում ուներ 25 մանդատ։
Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթանակ է տարել «Դեմոկրատներ 66» կուսակցությունը, որը կստանա խորհրդարանի 150 տեղերից 27-ը։ Նույնքան մանդատ կստանա նաև ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը, որը մի քանի տասնորդական տոկոսով քիչ ձայն է հավաքել։ Երրորդ տեղը զբաղեցրել է աջ-լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը՝ 22 մանդատով։
Անի Զալինյանի ընտրությունը մեծ արձագանք է ստացել Նիդեռլանդների հայկական համայնքում։

