Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից երկիրը զերծ է լինելու օտարերկրյա ռազմական ներկայությունից, ինչը նշանավորում է պետական ինքնիշխանության լիարժեք վերականգնումը: Այս իրադարձությունը երկրում նշվում է որպես Անկախության օր՝ չորս պաշտոնական հանգստյան օրերով:
Անվտանգային մարտահրավերներ և զինաթափման ժամկետներ
ԱՄՆ զորքերի հեռացումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Բաղդադըձգտում է կարգավորել ներքին անվտանգային բարդ խնդիրները։ Սկզբնապես Իրաքի կառավարությունը արտասահմանյան զորքերի դուրսբերումը պայմանավորել էր երկրում գործող բազմաթիվ զինված խմբավորումների զինաթափմամբ և պետական վերահսկողության տակ անցնելով։
Սակայն վարչապետ Ալի ալ-Զաիդին հայտարարել է, որ զինաթափման նոր ժամկետը սահմանվել է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Վերանայված պլանը ներառում է 90-օրյա ժամանակահատված, որի ընթացքում զինված խմբավորումները պետք է ձեռնպահ մնան հարձակումներից, ինչին պետք է հաջորդի զենքի աստիճանական հանձնումը:
Այդուհանդերձ, միջազգային վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում այս ժամանակացույցին: Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Ալինա Ռոմանովսկին նշել է, որ ծայրահեղական զինված խմբավորումները, ինչպիսին են «Քաթայիբ Հեզբոլահ»-ը և «Հարաքաթ ալ-Նուջաբա»-ն, մինչ այժմ որևէ նշանույթ չեն ցույց տվել իրենց զենքը պետությանը հանձնելու մտադրության մասին։
Չաթհեմ Հաուսի Մերձավոր Արևելքի ծրագրի փոխտնօրեն Ռենադ Մանսուրը Deutsche Welle-ին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ ժամկետների երկարաձգումը բնական է 2003 թվականից ի վեր խիստ մասնատված իրաքյան քաղաքական դաշտի համար։
Տարածաշրջանային ազդեցությունը և խոցելի փոքրամասնությունները
Ամերիկյան զորքերի դուրսբերումը ներառում է նաև հակաօդային պաշտպանության համակարգերի հեռացումը Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից: Քրդական կողմը արդեն իսկ դիմել է Բաղդադին՝ պաշտպանության խնդրանքով՝ ընդգծելով տարածաշրջանում առկա հրթիռային և անօդաչու սարքերի սպառնալիքները:
Ինչպես նշում է Modern Diplomacy-ն, չնայած անվտանգային ոլորտում առկա մտահոգություններին, Վաշինգտոնն ու Բաղդադը մտադրված են երկկողմ հարաբերությունները փոխադրել տնտեսական և առևտրային համագործակցության հարթություն, պայմանով, որ երկիրը կարողանա ապահովել կայուն և անվտանգ միջավայր:

