Աշխարհ

Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու. Էրդողան

Նախօրեին Անկարայում, Բոսնիայի և Հերցեգովինայի եռանախագահության անդամների հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու:

«Միջերկրական ծովի արևելյան հատվածին վերաբերող խնդիրներում Թուրքիայի տեսակետը անփոփոխ է։ Մեր երկիրն այս հարցում որոշիչ դերակատարություն ունի, և որևէ զիջման մենք չեն գնալու», – հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Էրդողանի այս հայտարարությունը հնչեց այն նույն ժամերին, երբ Աթենքում մեկնարկել էր երկկողմ՝ հույն-թուրքական դիվանագիտական խորհրդակցությունների հերթական՝ 62-րդ փուլը։

Հունական կողմը հատուկ ընդգծում էր՝ Աթենքի հյուրանոցներից մեկում կազմակերպված այդ դռնփակ քննարկումները ոչ թե բանակցություններ են այլ ընդամենը խորհրդակցություն, որի միակ նպատակը երկու երկրների միջև հետագա պաշտոնական շփումների համար հիմք ստեղծելն է։

Նշենք, ի դեպ, որ Անկարայի և Աթենքի միջև առկա հիմնական տարաձայնությունները վերաբերում են հարցերի այն շրջանակին, որ պետք է ընդգրկվի հնարավոր բանակցությունների օրակարգում։ Հույն դիվանագետների համոզմամբ, երկկողմ բանակցությունների միակ նպատակը պետք է լինի Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում գտնվող բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային շելֆի սահմանների հստակեցումը։

Պաշտոնական Անկարան սակայն նման մոտեցմանը կտրականապես համաձայն չէ՝ պնդելով, որ Թուրքիան և Հունաստանը պետք է հարցերի անհամեմատ ավելի լայն շրջանակ քննարկեն։

Անկարայի համոզմամբ, այդ հարցերի թվում պետք է լինեն նաև թուրքական ափի երկայնքով գտնվող հունական կղզիների ապառազմականացումը, Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի թռիչքային գոտու սահմանափակումը, ինչպես նաև Հունաստանի տարածքում բնակվող թուրքերի իրավունքների պաշտպանությունը։

Նման պահանջները, սակայն, հունական դիվանագիտության ղեկավարի համոզմամբ, ֆորմալ բանակցությունների մեկնարկի համար որևէ նախապայման չեն ստեղծում։

«Ես կցանկանայի հանդիպել իմ պաշտոնակից և բարեկամ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նման հանդիպումը, սակայն, պետք է տեղի ունենա համապատասխան մթնոլորտում, որպեսզի իմաստ ունենա», – երեկ Աթենքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

Դրա հետ մեկտեղ հունական ԱԳՆ ղեկավարը վերահաստում էր պաշտոնական Աթենքի այն դիրքորոշումը, որի համաձայն Թուրքիայի հետ հնարավոր բանակցությունների օրակարգը խիստ սահմանափակ պետք է լինի։

«Հուսով եմ, որ այսօր մեկնարկած քննարկումները հիմք կստեղծեն մեր և Թուրքիայի միջև առկա միակ երկկողմ վեճի լուծման համար։ Խոսքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային շելֆի սահմանազատման մասին է։ Այդ գործընթացը պետք է իրականացվի բացառապես միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոների հիման վրա», – հայտարարում էր Նիկոս Դենդիասը։

Հունական մամուլի գնահատմամբ, Աթենքի նման հույսերը, գոնե այս փուլում, այնքան էլ իրատեսական չեն։ Բանն այն է, որ եկկողմ շփումների ծավալմանը զուգահեռ Թուրքիայի հավակնությունները ևս աճում են։ Աթենքում կազմակերպված քննարկումներից առաջ Անկարան ոչ միայն չսահմանափակեց ներկայացվող պահանջները այլև ընդլայնեց դրանց ցանկը։

Աթենքում լույս տեսնող թերթերից մեկի տեղեկություններով՝ երկկողմ քննարկումների մեկնարկից ուղիղ մեկ օր առաջ Թուրքիայի արտգործնախարարությունը բանավոր նոտա է հղել Հունաստանին, Իսրայելին և ԵՄ՝ պահանջելով, որպեսզի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող տնտեսական նախագծերը նախապես համաձայնեցվեն Անկարայի հետ։

Թուրքական կառավարությունը մասնավորաբար պահանջում է, որպեսզի իր հետ նախապես քննարկվեն Կիպրոսի և հունական Կրետե կղզու միջև էլեկտրահաղորդման ստորջրյա գծի ինչպես նաև Իսրայելի ափամերձ գոտուց դեպի Եվրոպա կառուցվող գազատարի շինարարության հարցերը։ Այս մի դեպքում ևս Հունաստանը որևէ զիջման գնալու ցանկություն չունի։

«Թուրքիայի կողմից վերջերս հնչեցված Հունաստանին վերաբերող միակողմանի առարկությունները մենք անպատասխան չենք թողնի։ Դրանց մենք կարձագանքենք դիվանագիտական միջոցներով՝ պատշաճ ձևով և պատշաճ պահին», – երեկ նշում էր Հունաստանի արտգործնախարարը։

Այս մասին տեղեկանում ենք Ազատություն ռադիոկայանից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ