ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ԱՄՆ այցի շրջանակում Նյու Յորք քաղաքում ունեցել է բազմաթիվ հանդիպումներ հայ համայնքի անվանի ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 13-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Տավիդյան հիմնադրամի նախագահ Ասո Տավիդյանին և Իզաբելլա Մեյզինգերին:
Ապրիլի 14-ին Աննա Հակոբյանը հանդիպել է ամերիկահայ պատմաբան, Նյու Յորքի Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանի հետ: Երկու հանդիպումներին էլ տիկին Հակոբյանին ուղեկցել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպումներին Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը, ներկայացրել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող նոր զարգացումներն ու փոփոխությունները:
Ապրիլի 14-ի երեկոյան Աննա Հակոբյանը հանդիպել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք հարաբերությունների ինչպես նաև հիմնադրամների հետ հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Նյու Յորքում Աննա Հակոբյանն այցելել է նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն:
Ապրիլի 14-ի գիշերը Աննա Հակոբյանը վերադարձել է Երևան։