Միջուկային տերությունները պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրեն այն երկրներին, որոնք ինքնակամ հրաժարվել են միջուկային զենքից: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հինգշաբթի հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Նրա կարծիքով՝ առանց դրա միջուկային զենք ձեռք բերելու փորձերի դադարեցում սպասելը առնվազն միամիտ է:
«Անհրաժեշտ է վերանայել միջուկային զենքի հիման վրա ռազմավարական կայունության հայեցակարգը, անհրաժեշտ է ստեղծել միջուկային զենքի վրա հսկողության նոր համակարգ, վերջիվերջո կարևոր է բանակցություններ վարել միջուկային զենքի կրճատման համընդհանուր համաձայնագրի շուրջ», – ասել է Նազարբաևը:
Նա առաջարկեց այն երկրներին, որոնց տարածքում տեղակայված են փորձարկման տեղանքները, վերացնել այդ ենթակառուցվածքները:
«Ղազախստանը փորձ ունի, Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն ունեն, նրանք պատրաստ են դրանով կիսվել»,-ասել է Նազարբաևը:
Նազարբաևը նաև միջուկային տերությունների ղեկավարներին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ Նուր Սուլթանում:
«Համաշխարհային հանրությունը պետք է գտնի խիզախություն վճռական քայլեր ձեռնարկելու մեր մոլորակի ապագայի վերաբերյալ երկխոսության օգտին: Այս երկխոսությունն արդյունավետ կլինի, եթե, առաջին հերթին, միջուկային տերությունների ղեկավարները նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Ես պաշտոնական առաջարկել եմ հանդիպել ու փորձել համաձայնության գալ մեր մայրաքաղաքում հիմնական դերակատարներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և միջուկային այլ տերությունների ղեկավարներին»,-հավելել է նա՝ կարևորելով բանակցությունները այդ բարդ գործում: