fbpx
Իրավական

Արթուր Դավթյանը մասնակցել է ապագա դատախազներին դիպլոմների հանձնման արարողությանը

Հունիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադադտության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Դիպլոմները հանձնելով դատախազի 32 թեկնածուներին և շնորհավորելով նրանց՝ ակադեմիայի ռեկտորը նկատել է, որ թեև վերջիններիս ուսումնառության գործընթացը համընկել է կորոնավիրուսային համավարակի և 2020թ. արցախյան պատերազմի ժամանակաշրջաններինն՝ հարուցելով կազմակերպական և այլ բնույթի խնդիրներ, սակայն, գործընթացը հաջողվել է հասցնել տրամաբանական ավարտին: Նա հավաստիացրեց, որ դիպլոմներ են ստանում անձինք, ովքեր լիարժեք կարող են համալրել դատախազության թափուր հաստիքները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դիպլոմներ ստացող երիտասարդներին՝ կարևորելով այն հանգամանքը, որ սա առաջին խումբն է, որ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվում են օրենսդրական փոփոխությունների արդյունքում անցկացված արտահերթ մրցույթների արդյունքում: Նա հույս հայտնեց, որ օրենսդրական այդ նոր լուծումները հնարավորություն կտան համակարգը շարունակաբար համալրելու որակյալ, բանիմաց մասնագետներով:

Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին մաղթելով հաջողություններ՝ Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազների շարքերը համալրելն ավելի շատ մեծ պատասխանատվություն և ծանր, նվիրված, էական զոհողություններ պահանջող աշխատանք է պահանջելու, քան կարելի է պատկերացնել կողքից՝ հավելելով, որ այդ կարգավիճակը նաև պարտավորեցնում է հանրային շփումների, իրադարձությունների ընկալումների և վարքագծի նոր կանոններ ու մոտեցումներ, որոնց պետք է հոգեբանորեն և բարոյապես պատրաստ լինել:

ՀՀ գլխավոր դատախազն ապագա դատախազների ուսումնառության գործընթացը, բոլոր օբյեկտիվ դժվարություններով հանդերձ, բարձր մակարդակով կազմակերպելու համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ արդարադադտության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ