fbpx
Իրավական

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը այսօր՝ մարտի 5-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի նիստում։

Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայն, որոնց գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայները:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այն, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:

Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ