Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ, այդ թվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը:
Առավել մանրամասն՝ Armtimes.com