Apple ընկերությունը մտադիր է սեփական ինքնագնաց ավտոմեքենան թողարկել 1-2 երկու տարի ավելի շուտ, քան սկզբնապես նախատեսում էր:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության իր աղբյուրներին, ամբողջովին ինքնագնաց ավտոմեքենայի թողարկումը ծրագրում են կյանքի կոչել 2025 թվականին:
Գործակալության տվյալներով՝ տարեսկզբին ամերիկյան տեխնոլոգիական հսկան նախատեսում էր սեփական մեքենան ներկայացնել 5-7 տարուց, սակայն ներկա պահին ընկերության ներսում փորձում են արագացնել իրականացվող աշխատանքները:
Մի շարք մասնագետներ դա «հավակնոտ առաջադրանք» են անվանել: Իսկ եթե դա չհաջողվի ժամանակին կատարել, ընկերությունը ստիպված կլինի հետաձգել մեքենայի թողարկումը կամ առավել հեշտ տեխնոլոգիայով մեքենայի վաճառք սկսել: Ընկերության նախատեսած «կատարյալ» տարբերակով մեքենան պետք է ոչ ղեկանիվ ունենա, ոչ ոտնակներ: