Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը համապատասխան մարմիններին է դիմել հավակնոտ դիզայնով նոր համակարգչի արտոնագիր ստանալու համար: Այս մասին հաղորդում է Verge-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնովին նոր համակարգչի և՛ էկրանը, և՛ ստեղնաշարն ինտեգրված կլինեն ապակու մի կտորի մեջ:
Դիմումում նկարագրվում է՝ ինչպես կարելի է iMac համակարգչի ստեղնաշարն ու էկրանը մեկ մակերևույթի մեջ տեղավորել:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը ճկվող ապակու մասին է: Ըստ արտոնագրի՝ ապակին էկրանի և ստեղնաշարի մեջտեղի հատվածում կծալվի:
Միաժամանակ նշվում է, որ դիզայներական նման լուծումը բավականին հավակնոտ է, քանի որ Apple-ն իր արտադրանքներից որևէ մեկում երբևէ նման ծավալով ճկվող ապակի չի կիրառել:
Բացի դրանից՝ անհասկանալի է, թե ինչպես է մասնագետներին հաջողվելու համակարգչի բոլոր մասերն ապակու մի կտորում զետեղել: