fbpx
Իրավական

Հափշտակություն՝ համակարգչային տեխնիկայի գործադրմամբ․ առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։


Ըստ աղբյուրի՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը անհայտ անձից ձեռք է բերել «BANK OF AMERICA», «METABANK» և «HSBC» ամերիկյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված թվով 75 կրկնօրինակներ: Վերջինս 2019թ. հոկտեմբերի 29-ից մինչև 2020թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, դրանց գործադրմամբ, Երևան քաղաքի ավելի քան մեկ տասնյակ փողոցներում տեղակայված «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ բանկոմատներից իրական պլաստիկ քարտերի բանկային հաշվեհամարներից պարբերաբար և մեկ միասնական դիտավորությամբ՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 7.488.000 ՀՀ դրամ գումար՝ վերոնշյալ բանկերի հեղինակությանը պատճառելով բարոյական և գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) 3-րդ մասի 1-ին կետով:


30-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որը համակցվել է գրավի հետ, իսկ պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ