Աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրականությամբ, դեկտեմբերի 10-ին թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այս մասին նշված է Harbour Air Seaplanes ընկերության հաղորդագրության մեջ։
Թռիչքը իրականություն է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության, ինչպես նաև magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ, որը հեղափոխություն է իրականացնում էլեկտրական ավիացիայի ոլորտում:
«Ընկերություններն այսօր հայտարարել են ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող, աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռի հաջող թռիչքի մասին: Այսօր առավոտյան… Կանադայի Ռիչմոնդ քաղաքում տեղի է ունեցել ePlane-ի՝ de Havilland Canada DHC-2 Beaver մակնիշի վեցտեղանոց ինքնաթիռի հաջող թռիչքը, որն ուժեղացված է 750 ձիաուժ հզորությամբ magni500 շարժիչով։ Այդ պատմական թռիչքը նշանավորում է երրորդ՝ էլեկտրական դարաշրջանի սկիզբը ավիացիայում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշել են, որ ինքնաթիռը վարել է Harbour Air-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը մտել է պատմության մեջ:
Ինքնաթիռի շարժիչը, ինչպես հավաստիացրել է ընկերությունը, ինքնաթիռների սնուցման մաքուր և արդյունավետ եղանակ է ապահովում: