Հայաստանում անցկացվում է առաջնային իմունային անբավարարության իրազեկման շաբաթ, որի շրջանակում տեղի մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու միջազգային փորձին, միտումներին, հիվանդության հետ կապված իրենց հետաքրքրող հարցերին: Կազմակերպողներն են` Արաբկիր բժշկական համալիր-ԵԴԱԻ- ին, «Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիա»-ն։
Ալերգոլոգ, իմունոլոգ Սևան Իրիցյանի խոսքով կարիք կա ավելի ինտենսիվ արձագանքելու առաջնային իմունային անբավարարության խնդրին, բժշկական շրջանակի, հասարակության ուշադրությունը հրավիրելու դրա վրա, որն ամբողջ աշխարհում նոր է ուսումնասիրվում:
Նա նկատեց, որ հասարակությունը լավ տեղեկացված է ուռուցքային հիվանդություններից, սրտի անբավարարությունից: Այնինչ՝ առաջնային իմունային անբավարարության խնդրի մասին իրազեկվածությունը շատ ցածր է, այդ տեսանկյունից նույնիսկ անելիք կա բժիշկների շրջանում:
«Լսելով առաջնային իմունային անբավարարություն, շատերը պատկերացնում են, վատ իմունիտետ, սակայն խնդիրը շատ ավելի խորն է: Այն իմունային համակարգի որևէ օղակի խանգարումն է, որը կարող է հագեցնել մի շարք խնդիրների, այդ թվում կյանքի հետ անհամատեղելի վիճակների: Արդեն 400-ից ավելի հիվանդություններ կան, որոնք կապվում են առաջնային իմունային անբավարարության հետ, ու երևի շատերը կզարմանան, որ իմանան երևանյան հիվանդությունը ևս դրանց թվում է»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում առաջնային իմունային անբավարարության հիվանդացության միտումներին՝ մասնագետը նշեց, որ հստակ վիճակագրություն չկա, և որ լիարժեք պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել հիվանդությունների ռեգիստր:
Առաջնային իմունային անբավարարության իրազեկման շաբաթի շրջանակում Հայաստանում մասնագետների համար դասախոսություն կկարդա Թեհրանի բժշկական համալսարանի կլինիկական իմունոլոգիայի պրոֆեսոր, Իրանի իմունային անբավարարության գիտահետազոտական կենտրոնի նախագահ Նիմա Ռեզաեն: Նա առաջին անգամ չէ Հայաստանում: Նախորդ տարի արդեն հնարավորություն ունեցել է դասախոսություն կարդալու տեղի մասնագետների համար:
Сохранить