fbpx
Իրավական

Արամ Մանուկյանի տունը քանդելու փաստով քրգործ է հարուցվել

Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:

Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ