Azat Tv մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում։
«ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի 1-ին կետի վերջին մտքի համար, որով նախատեսվում է ՀՀ տարածքների փոփոխության հարցը լուծել հանրաքվեի միջոցով նախկիններին նախատում էի 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների ժամանակ, որ ներառել են, որպեսզի ժողովրդին փակուղու մեջ դնեն և եթե գա պահը՝ հողեր տալու, ապա ժողովրդին դիմեն՝ դնեն երկընտրանքի առաջ՝ պատերազմ որդիների կյանքի գնով կամ հողեր զիջել:
Հիմա այս հոդվածը, միգուցե, պիտանի լինի բոլորիս, այդ թվում թե՛ նախկիններին, թե՛ Կառավարությանը, որ ոչ մի որոշում չկայացվի՝ տարածքներ զիջելու հետ կապված Կառավարության կամ ԱԺ մակարդակներում, քանզի հստակ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Այդ թվում նաև հստակ իմացեք, որ որևէ միջանցք տալ կամ չտալու հարցը ևս պարտավոր են դնել հանրաքվեի, որովհետև ինքնիշխան տարածքի փոփոխության մասին է խոսք գնալու:
Ստորև կմեջբերեմ հոդվածը, բայց նախ և առաջ հարկ եմ համարում շեշտել, որպեսզի ավելորդ քայլեր, ներքին լարվածություն, վախի մթնոլորտ չձևավորեն, առավել ևս՝ ներքին խժդժություններից զերծ մնան բոլորը, չգնան սխալ ուղղությամբ՝ շարունակելով ատելության ու բռնության քարոզը, տուրք տալով թշնամական խայծերին, քանի որ դա ձեռնտու է միմիայն օտար ուժերին, ոչ Հայաստանին: Մենք չենք մեր թշնամին, մեր չիմացություններն ու միմյան չհասկացվածությունն է մեր ներքին չարիքը, իսկ արտաքինը՝ մեզանից տարածքներ պահանջող ահաբեկիչ, ցեղասպան և դավադիր ուժերն են: Իսկ հիմա հոդված.
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 205
Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և տարածքի փոփոխության հարցերով հանրաքվեները
1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: