Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է գործընկերոջը եվրոպական ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքների համար, ինչպես նաև հաջողություն մաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում:
Արարատ Միրզոյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև դարերից եկող բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա:
«Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Լեհաստանը համարվում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Միրզոյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն էական նշանակություն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորել է նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների գործունեությունը: Ազգային ժողովի նախագահն արժևորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշռված դիրքորոշումը:
Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:
Ավելին՝ parliament.am