Հունիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիկսդագի լիագումար նիստին, որի ընթացքում շվեդ պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և հայկական խորհրդարանի ներկայացուցիչներին:
Ռիկսդագի փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման բնագավառներում: Ռիկսդագի փոխխոսնակը, ջերմությամբ վերհիշելով մարտ ամսին Հայաստան կատարած այցը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-շվեդական խորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը: Աշխատանքային ճաշին մասնակցել են նաև Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները:
Նույն օրը Ռիկսդագի խոսնակի կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Անդրեաս Նորլենի երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են Շվեդիայի խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին ղեկավարները:
Արարատ Միրզոյանը և պատվիրակության անդամները պատասխանել են շվեդ գործընկերների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ընթացիկ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: Քննարկվել է նաև Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումների կոնսոլիդացման: Քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները միակարծիք էին Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունների վերաբերյալ դրական գնահատականներում:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է խոսնակ Անդրեաս Նորլենին, փոխխոսնակներին և բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարներին մոտ ապագայում Հայաստան այցելելու հրավերը, ինչը հնարավորություն կընձեռի ավելի խորացնելու հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը:
Օրվա ավարտին ՀՀ ԱԺ նախագահի և պատվիրակության անդամների պատվին Ռիկսդագի խոսնակի պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված Վիլլա Բոնիերում տրվել է պաշտոնական ընթրիք, որին նախորդել էր երկու խոսնակների շուրջ 40 րոպե տևած առանձնազրույցը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։