ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից և գիտությունից մինչև մշակույթ ու սպորտ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրին առնչվող հարցերը։ Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Չեխիայի համապատասխան կառույցների հետ համագործակցության ձևաչափերի ստեղծումը և կապերի խթանումը նույնպես կարևորվել է նախարարի կողմից։
Կողմերը քննարկել են նաև STEM (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի) բնագավառում հայաստանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների ընդգրկմամբ համագործակցային ծրագրերի իրականացման հնարավորության հարցը՝ ընդգծելով, որ այս ոլորտներում հայ-չեխական փոխգործակցությունը լայն հեռանկար ունի։
Նախարար Ա. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել կիսել Հայաստանի դպրոցների մշակութային և տեխնոլոգիական կրթության փորձը։ Դեսպան Բեդրիխ Կոպեցկին էլ հայտնել է իր հետաքրքրվածությունը կապված հայկական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման և Չեխիայում այս փորձի կիրառման հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից: