Այսօր ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկիի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը, ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է, որ այն համագործակցության ներուժը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում, այս պահին լիարժեք չի օգտագործվում:
«Վստահ եմ, որ նման հանդիպումները կդառնան այն երաշխիքները, որոնք կապահովեն երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը՝ հատկապես մասնագետների փոխանակման, գիտության և տեխնոլոգիաների զարգացման բնագավառներում»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելի միջազգային զարգացման ՄԱՇԱՎ գործակալության հետ գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, մասնագետների վերապատրաստման և փորձագետների փոխանակման համատեքստում։ Դեսպանը հայտնել է իսրայելական կողմի պատրաստակամությունը հյուրընկալելու հայ ուսանողներին՝ ասպիրանտական կրթություն ստանալու և postdoctoral research (ասպիրանտուրայից հետո իրականացվող հետազոտական աշխատանք) կատարելու:
«Մեզ համար Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը գնալով ավելի կարևոր է դառնում։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իսրայելը, հարուստ չեն բնական ռեսուրսներով, մեր գլխավոր հարստությունը մարդիկ են, և կրթության ոլորտում իրականացվող ներդրումներն այս առումով շատ կարևոր են»,-նշել է Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին, արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունն աջակցելու Երուսաղեմի Հրեական համալսարանում գործող հայագիտության կենտրոնին՝ վերջինիս հնարավորություններն ընդայնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին կից գործող Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի գործունեությանն ու գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակում մասնագետների փոխայցերին։