Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայան կղզիները ներկայացնող կոնգրեսական Թուլսի Գաբբըրդը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու՝ 2020 թվականին սպասվող ընտրություններին ընդառաջ: Այս մասին նա իր սոցցանցային հրապարակումներով տեղեկացրել է ուղիղ միացման միջոցով:
TULSI 2020: Tulsi Gabbard Presidential Campaign, The ALOHA Launch – Live from Hawaii, USA https://t.co/xcA4DxIIw6
— Tulsi Gabbard 🌺 (@TulsiGabbard) February 3, 2019
Կոնգրեսականը Հայաստան ու Արցախ այցելել է 2017 թվականին, Ստեփանակերտում հանդիպել է արցախյան իշխանությունների հետ, դատապարտել է Ադրբեջանի՝ արցախյան հակամարտության գոտում ապակայունացման քաղաքականության համար։ Թուլսի Գաբբըրդը նաև հայտարարել է, որ հպարտ է Կոնգրեսում ներկայացնել Հավայի նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։
Կոնգրեսականը Իրաքի պատերազմի վետերան է ու դեմ է հանդես գալիս այլ պետությունների ներքին գործերին խառնվելու ամերիկյան քաղաքականությանը։ 2017 թվականին նա քննադատության է արժանացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման համար։ Այդ հանդիպումը մեկնաբանելով՝ նա հայտնել է, որ հանդիպումը նախապես կազմակերպված չի եղել, բայց քանի որ ստեղծվել է հանդիպելու հնարավորություն, ինքը չի հրաժարվել։