Հունվարի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ արտաքին քաղաքական գերատեսչության 2019 թ. գործունեության վերաբերյալ։
Ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում արտաքին քաղաքական ոլորտում իրականացված աշխատանքը՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի և այլ պետությունների միջև փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդումը և խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական ջանքերն ուղղված են եղել այս գործընթացներում հաջողություն ապահովելուն:
Անդրադառնալով առաջադրված նպատակների իրականացմանը՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ տարին բավականին արդյունավետ էր. ոչ միայն շարունակվել են ջանքերը՝ ուղղված Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը, այլև քայլեր են ձեռնարկվել՝ ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը։ Այսպիսով, կայացել են Արցախի պատվիրակության աշխատանքային այցերն Ուրուգվայ, Արգենտինա, Ավստրալիա, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա և Եգիպտոս, որոնց շրջանակներում տեղի են ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավարի հանդիպումները տվյալ պետությունների քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածություններ: Այցերի շրջանակներում կայացել են նաև ավանդական դարձած հանդիպումներ սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ:
Արտաքին գործերի նախարարը կարևորել է Արցախի և տարբեր երկրների վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է, մասնավորապես, Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին բանաձևի ընդունումը՝ Արցախի պատվիրակության Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին: Ավստրալիայում ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, որին անդամակցում են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակության մասին են վկայում նաև 2019 թվականի սեպտեմբերին Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը, ինչպես նաև 2019 թվականի հոկտեմբերին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը:
Արցախի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած տարվա գլխավոր քաղաքական իրադարձության` «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի կարևորոթյունը, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՅԴ կողմից: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, քույր քաղաքների, ինչպես նաև Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող տարբեր երկրների վարչատարածքային միավորների ներկայացուցիչներ. ընդհանուր առմամբ` շուրջ 30 երկրներից 150-ից ավելի ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքներով միջոցառման մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որում կոչ են արել միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցությանը Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու նպատակով: Համաժողովի շրջանակներում որոշում է կայացվել նաև ստեղծել Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ»՝ միջազգային հարթակում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։
Մասիս Մայիլյանը հայտնել է, որ միջազգային կառույցներում Արցախի ԱԳՆ գործունեությունը հասնում է նոր մակարդակի. մասնավորապես՝ արցախյան կողմը սկսել է, առաջին հերթին` մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցներ ներկայացնելու գործընթաց: Այսպիսով, առաջին անգամ Արցախը Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ պարբերական զեկույցը: Մեկնարկել են «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները: Այս գործընթացի շրջանակներում Արցախի Հանրապետությունը ծրագրում է միանալ մարդու իրավունքների մասին միջազգային առանցքային կոնվենցիաներին։ Արցախը նաև ընդլայնում է իր ներգրավվածությունը գլոբալ խնդիրների և միտումների քննարկման գործընթացներում: Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Արցախի միանալը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգին», որի շրջանակներում Արցախում ստեղծվել է Կայուն զարգացման ազգային խորհուրդ, նախապատրաստվել և ՄԱԿ է ներկայացվել կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցը:
Արցախի ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության և տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը: Մասիս Մայիլյանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձևաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ, Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը: Ընդգծելով պատերազմի հեռանկարները բացառելու և հակամարտության գոտում կայունություն ապահովելու կարևորությունը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելության կողմից հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումների պարբերական անցկացմանը: Արտգործնախարարը հավելել է, որ տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջև համաձայնեցվել և իրականացվել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման կարևորությունը, որի ընթացքում Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է հանրապետության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավար Սարասար Սարյանին հնարավորություն է ընձեռվել ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնելու Արցախում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը: Նախարարը նաև նշել է, որ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ այցելել են Ստեփանակերտ, հանդիպումներ ունեցել Արցախի Նախագահի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարի և պաշտպանության նախարարի հետ:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թ. լրացել է ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևորագույն փաստաթղթի՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակը, որը թույլ է տվել հակամարտության լուծումը տեղափոխել դիվանագիտական դաշտ: Այս կապակցությամբ մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է խորհրդաժողով, որին մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանից: Խորհրդաժողովին որպես հատուկ հյուր մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Մամուլի ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը մատնանշել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, ինչը Ստեփանակերտին թույլ է տալիս Երևանի գործընկերներին ներկայացնել Արցախի դիրքորոշումը համահայկական օրակարգի այս կամ այն առանցքային ասպեկտների, ինչպես նաև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի ստորագրումը, ինչը թույլ է տալիս երկու արտաքին քաղաքական գերատեսչություններին խորացնել համագործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Այս քայլը՝ Արցախում կազմակերպված և անցկացված համազգային և միջազգային քաղաքական, մարզական և մշակութային միջոցառումների հետ մեկտեղ, որոնցից են, մասնավորապես, Արցախի բարեկամների համաժողովը, Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական խաղերը, թույլ են տվել արձանագրել Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ։ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 47%։
Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։