Ապրիլի 25-ին Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը քաղաքական հանդիպումների շարքը լրացրել է 2019 թ. աշնանը կայանալիք Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջադրված իշխող և ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի թեկնածուների հետ:
Խորհրդարանում Սենատոր Լուիս Լակաժե Պոի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը քննարկել են Ուրուգվայի և Արցախի միջխորհրդարանական կապերի ստեղծման և խորացման, ինչպես նաև հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Ուրուգվայի մայարաքաղաքի նախկին քաղաքապետ Դանիել Մարտինեսի խնդրանքով նախարար Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին:
Ուրուգվայի արդյունաբերության, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Կարոլինա Կոսսեի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել իշխող «Լայն ճակատ» կոալիցիայի կենտրոնական գրասենյանկում, այլ հարցերի շրջանակում մտքեր են փոխանակվել Ուրուգվայում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման հնարավորությունների մասին:
Անկախ Ուրուգվայում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից, կողմերը արժևորել են շփումների շարունակականությունը:
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։