Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում: Արևահարությունից խուսափելու համար բնակչությանը հորդորում են ժամը 11-ից 15-ը չկանգնել արևի ուղիղ ճառագայթների տակ, հաճախ խմել մեծ քանակությամբ ջուր:
Նշվում է, որ ջերմային ալիքի ներխուժման հետևանքով բնակիչների անզգուշության, ավելի ստույգ` մարդկանց անուշադրության, անփութության, անտարբերության, երբեմն` դիտավորության հետևանքով ավելացել են հրդեհների դեպքերը:
Վերլուծությունը վկայում է, որ այն հիմնականում տեղի են ունենում չոր խոտածածկ տարածքներում՝ կրակի հետ անզգույշ վարվելուց, հրդեհային անվտանգության կանոնները խախտելուց, առաջացած հրդեհներն ի սկզբանե հանգցնելու ձևերը չիմանալուց, որը շատ հաճախ հանգեցնում է և՛ մարդկային և՛ նյութական անդառնալի կորուստների:
Ըստ աղբյուրի՝ հրդեհների առաջացման օջախների մեծ մասը գտնվում են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների հարևանությամբ:
Աղետալի հետևանքներից խուսափելու համար ԱԻՊԾ-ը միաժամանակ կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որից նույնիսկ աննշան շեղումը կարող է բերել լուրջ հետևանքներ: