Մայիսի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկությանը և հասարակական կարգի պահպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների ու հասարակական կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա իրավիճակն ու հիմնախնդիրները:
Նախագահը պահանջել է խիստ ու սկզբունքային լինել իրավախախտումների կանխարգելման և արձագանքման հարցում՝ միևնույն ժամանակ բացառելով ուժի անհամաչափ կիրառման որևէ դեպք:
Նա ընդգծել է, որ հարկ է հաշվի առնել նաև հետպատերազմյա հոգեբանական առանձնահատկությունները և արհեստավարժ մոտեցումներով իրականացնել ծառայությունը:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել և մեխանիզմներ մշակել պատերազմյա ու հետպատերազմյա որոշակի ժամանակաշրջանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքների ու տույժերի ներման ու փոխհատուցման համար: