Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ՝ մասնակցությամբ ՆԳ նախարարի առաջին տեղակալի, ոստիկանության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, տեղակալների, վարչությունների կազմում ընդգրկված բաժինների և բաժանմունքների պետերի, ոստիկանության առանձնացված ստորաբաժանումների պետերի, տեղակալների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, տեղակալների բաժինների և բաժանմունքների պետերի:
«Նիստի օրակարգում ընդգրկված էր ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2021 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկումը:
Հիմնական զեկույցով ելույթ է ունեցել ոստիկանության պետի առաջին տեղակալ Նորայր Բաբայանը՝ նշելով, որ 2021թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է՝ մասնավորապես, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, սեփականության, շրջակա միջավայրի անվտանգության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում:
Նշվածներին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 59, 2020թ. նույն ժամանակահատվածի 35-ի համեմատ:
Վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման հանրապետական միջին ցուցանիշից բարձր են ապահովվել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժինները, ցածր` Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հաստատված օրակարգի համաձայն ելույթ ունեցան ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանը, ճանապարհային ոստիկանության պետ Մավրիկ Նասիբյանը և Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը:
Ելույթների ավարտից հետո ոստիկանության շտաբի պետ Արմեն Մովսիսյանը հրապարակել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի որոշման նախագիծը:
Եզրափակիչ խոսքով ելույթ է ունեցել ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, նշելով, որ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժիններում արձանագրվել է վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման հանրապետական միջին ցուցանիշից բարձր արդյունքներ, իսկ ցածր` Ստեփանակերտ քաղաքի վարչությունում և Քաշաթաղի շրջանային բաժնում, ինչի կապակցությամբ ոստիկանության համակարգի ղեկավարը հանձնարարել է մինչև տարեվերջ բարելավել այն:
Ոստիկանության պետը քրեական հետախուզության վարչության պետի զեկույցից հետո առանձնակի ուշադրություն է դարձրել հատկապես սպանության չբացահայտված 1 դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, իսկ ճանապարհային ոստիկանության պետի զեկույցից հետո՝ կարևորել է ակտիվացնել համագործակցությունը ճանապարհների շինարարական աշխատանքների պատասխանատուների հետ:
Ամփոփելով կոլեգիայի նիստի արդյունքները ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման ու զարգացման նպատակով ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը և ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը ներկայացրել են իրենց տեսակետները և տվել նոր հանձնարարականներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: