fbpx
Քաղաքականություն

Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած բանակցությունները, որոնք ավարտվել են այսօր վաղ առավոտյան եռակողմ հայտարարության ստորագրմամբ:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բանակցությունները «չափազանց բարդ» է որակել:

Նախարարն ասել է, որ հայկական կողմի համար կարեւոր էր «վերջ դնել այս ագրեսիային, որն առանձնահատուկ էր նրանով, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ»:

«Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավականին փխրուն, մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման և հաղթահարել այս լուրջ մարտահրավերը: Առանց այս իրավիճակին վերջ դնելու որեւէ առաջընթացի մասին խոսելն անիմաստ է», – շեշտել է Զոհրաբ Մնացականյանը:

Նա կարևորել է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը և «որևէ այլ ուժ, մասնավորապես, Թուրքիան, չի կարող որեւէ դերակատարություն ունենալ կարգավորման գործընթացում»:

Նախարարն ասել է, որ այս ագրեսիան հերթական անգամ ապացուցեց հայկական կողմի մտահոգությունները Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության մասին:

«Մեզ համար եղել և մնում են առաջնային անվտանգության և Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի ճանաչման ու իրացման հարցերը: Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատ, տնօրինեն սեփական ճակատագիրը որպես մի միավոր, որը ճանաչված կլինի բոլորի կողմից որպես անկախ պետություն», – ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը շեշտել է, որ ագրեսիայի առաջին օրվանից կարևոր դերակատարություն են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Նա հիշեցրել է, որ ընդունվել էին համատեղ հայտարարություններ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների եւ ԱԳ նախարարների մակարդակով:

«Սակայն պետք է առանձնահատուկ նշեմ Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի ջանքերը: Ըստ էության, մեր այսօրվա աշխատանքը կոչված էր ամրագրել այն պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի նախագահը ձեռք էր բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների ընթացքում», – ասել է Զոհրաբ Մնացականյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ