fbpx
Արցախ

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և միջազգային դերակատարների հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի. ԱՀ ԱԳՆ

ԱՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ:

Ամբողջական մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև:

Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի և ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։

Կարևորում ենք, որ լսումների ընթացքում բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական և քաղաքական գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն: Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների:

Ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների ինչպես անհատական, այնպես և հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում է հստակ եւ գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզված ենք, որ Արցախում ցեղասպանության կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլև մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ