Արցախի ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին պատմող ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի հեղինակած «Վերադարձ» ֆիլմը կբարձրանա հայաստանյան մեծ էկրան։ Ֆիլմը, ըստ ստեղծագործական խմբի, առանձին անհատների միջոցով ներկայացված է արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ծարավն ու ձգտումը:
Ֆիլմի սցենարը գրել է ռուս հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:
«Ֆիլմի գաղափարախոսությունը կառուցվում է մեկ գլխավոր մտքի շուրջ. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան և դարձնել հայրենի հողը ծաղկուն այգի: Արցախը արդեն 27 տարի անընդմեջ հենց դա է ապացուցում համաշխարհային հանրությանը»,- նշվում է ստեղծագործական խմբ հաղորդագրությունում:
90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում:
2019 թ. ապրիլի 30-ին, ժամը 15։00-ին «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի կունենա «Վերադարձ» վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիսը, իսկ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա «Վերադարձ» ֆիլմի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։