Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջվարչակազմերի ղեկավարները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել մայրաքաղաքում և շրջաններում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների արդյունքների մասին: Հանրապետությունն ապահովված է ախտահանիչ միջոցներով և սարքավորումներով, իսկ համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում:
Աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու նպատակով, Նախագահի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր տեխնիկական պարկը և տրանսպորտային միջոցների մի մասը համապատասխանեցրել է ախտահանիչ-հակահամաճարակային բնույթի աշխատանքների իրականացմանը: Դրանք արդեն բարեհաջող փորձարկվել են, և առաջիկա օրերին դրանց կիրառմամբ ախտահանիչ աշխատանքները նոր՝ առավել արդյունավետ հուն կմտեն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/117944403179682/?type=3&theater