Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ նախագահին, Հռոմի Պապին և միջազգային կառույցներին՝ ահազանգելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին։ Պարգև Սրբազանը շեշտում է, որ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ և Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի հիմնահատակ ավերումը վկայում է այն մասին, որ տեղի է ունենում հայկական քրիստոնեական ներկայության նպատակային ջնջում։
Դիմումի մեջ ընդգծվում է, որ չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի որոշմանը և Եվրոպական խորհրդարանի բանաձևերին, միջազգային կառույցները, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, առ այսօր չեն կարողացել իրականացնել անկախ մշտադիտարկում։ Caucasus Heritage Watch-ի արբանյակային տվյալները հաստատում են տասնյակ հուշարձանների վնասման կամ ոչնչացման փաստերը։ Պարգև Սրբազանը կոչ է անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել համամարդկային արժեք հանդիսացող այս սրբավայրերի պահպանության հարցում։

