fbpx
Արցախ

Արդար ընտրությունների համար Բակո Սահակյանի հրաժարականն օրհասական է․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե մենք ուզում ենք ազատ ու արդար ընտրություններ, ապա մեզ համար օրհասական խնդիր պիտի դառնա հակասահմանադրական ճանապարհով երրորդ անգամ նախագահ դարձած Բակո Սահակյանի հրաժարականը, այլապես նրանք նորից վերարտադրվելու են՝ օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը։

«Սամվել Բաբայան ռազմական, քաղաքական գործիչը, թերևս այն գործիչներից է, ովքեր բառերը ուղղակի չեն արտաբերում, օդում իրենց հանգրվանը գտնելու համար։ Սամվել Բաբայանը իր ողջ գործունեության ընթացքում իր խոսքի կշիռը խորությամբ գիտակցել է, իսկ ժողովրդին տված իր խոսքը առավելագույնս իրականացրել ։ Սամվել Բաբայանը այն եզակիներից է, ով ունի ժամանակը ու իրադրությունները գնահատելու բացառիկ հեռատեսություն։ Այդպես էր պատերազմի ժամանակ, այդպես է նաև հիմա։ Սամվել Բաբայանը իր գործունեության ընթացքում եղել է առավելագույնս թափանցիկ և երբևէ չի խորշել հայտնել իր դիրքորոշումը այս կամ այն անձի կամ երևույթի շուրջ, կամ առնվազն ոչ մի կարծիք էլ չի հայտնել, երբ անտեղյակ է եղել իրականությունից։

Այս որակներն են, որ արցախցուն կրկին ոտքի հանեցին, դիմավորելու իր հերոսին, գրկաբաց ընդունելու և հայտնելու իրենց համակրանքը։ Այն, որ Սամվել Բաբայանը այսօր Արցախում ունի մեծ հեղինակություն իր ժողովրդի շրջանում, փաստվեց ստորագրահավաքի արդյունքներով։ 25000-ից ավել մարդ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին այս ստորագրահավաքին և նշանակություն չունի, թե ինչ տեխնիկական պատճառներով մի քանի թերթիկներ անվավեր ճանաչվեցին, փաստը այն է, որ Արցախի հաշվառում ունեցող մեր հայրենակիցները իրենց հավատո քվեն տվեցին այս նախաձեռնությանը։ Եվ մարդկանց թիվը կլիներ կրկնապատիկ, եթե չլինեին Արցախի իշխանությունների ահաբեկումները մասնակցելու դեպքում պետծառայողներին աշխատանքից հեռացնելու մասին։ Փաստը մնում է փաստ և սրա հետ պարտավոր են հաշվի նստել այսօրվա իշխանությունները։ Սամվել Բաբայանը անձնական նկրտումներով առաջնորդվող գործիչ չէ, նրա քայլը մշտապես բխել է ազգային շահերից, ու սա ամենևին աթոռակռիվ չէ։ Հաստատելու դեպքում էլ, չհաստատելու դեպքում էլ, ընտրված նախագահ, թե կուսակցության ղեկավար՝ Սամվել Բաբայանը իրականացնելու է այն, ինչի մասին խոսել է իր բոլոր հանդիպումների ընթացքում, այն է՝ տանել Արցախը դեպի զարգացում, ապահովել Արցախի անվտանգությունն ու սրընթաց բարգավաճումը, ստեղծել պետություն, որտեղ գերակայող է լինելու անձի իրավունքը։ Այսօր Սամվել Բաբայանը զբաղված է կուսակցաշինության աշխատանքներով, թղթերը հանձնված է գրանցման, նախատեսվում է կուսակցական համագումար։ Իսկ ստորագրահավաքի արդյունքները դեռևս մշակվում են և դեռ չեն հանձնվել ԱՀ ԿԸՀ, հանձնելու պահից կհետևենք դրա օրինական ընթացքին։

Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե մենք ուզում ենք ազատ ու արդար ընտրություններ, ապա մեզ համար օրհասական խնդիր պիտի դառնա հակասահմանադրական ճանապարհով երրորդ անգամ նախագահ դարձած Բակո Սահակյանի հրաժարականը, այլապես նրանք նորից վերարտադրվելու են՝ օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները։ Իսկ իրենց ռեսուրսները իրենք միանշանակ կապահովեն ԿԸՀ կողմից հապճեպ նշանակված ՏԻՄ ընտրությունների անցկացումից հետո, երբ տեղերում հաստատելով իրենց մարդկանց, այն 30-40 000 Արցախում գրանցված, բայց արդեն երկար տարիներ այնտեղ չբնակվող մարդկանց անուններից լցոնումներ կապահովեն և կանցնեն այն ուժերը, որոնք իրենց համար ավելի գերադասելի են։ Ուստի այլևս անիմաստ է դառնում պայքարել, որ ԱԺ անցնելու շեմը իջեցվի հինգ տոկոսից երեքի, քանի որ բացահայտելով այս 30 000-40 000 լցոնումները և դրանք չեզոքացնելով, ցանկացած ուժ կարող է իր հինգ տոկոսով անցնել խորհրդարան։ Մենք պատրաստ ենք ցանկացածի հետ շրջել Արցախի բոլոր գյուղերն ու քաղաքները և վեր հանել այս ամբողջ անօրինությունը։Բակո Սահակյանի երրորդ շրջանը համարվում է, իբր անցումային, արդեն պաշտոնավարել է երկու տարի չորս ամիս, եթե այդչափ ազնիվ է, ինչպես ներկայացնում է իրեն անցումային, թող իր ազնվությունն օգտագործի այս ճգնաժամը չեզոքացնելու համար՝ ուղղակի հեռանա, ութ ամիսն էլ թողնի մի մարդու, ով կդառնա այս ճգնաժամը հաղթահարելու երաշխիքը։ Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկրում խորացնելու է քաղաքական ճգնաժամը։ Ուստի կոչ ենք անում Արցախի քաղաքական, հասարակական, խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել։ Երկրի համար այս օրհասական պահին պետք է կայացնել ճիշտ որոշում, պահանջել ներկա իշխանությունների հրաժարականը, ընտրել միջանկյալ ղեկավար,, հատկապես, որ սա անցումային շրջան է, որը չունի ընտրություններին մասնակցելու հավակնություններ, որին կողմ են արտահայտվում արցախցի շատ գործիչներ։ Սա հնարավորություն կտա պատրաստվել ընտրություններին հավասար պայմաններում։ Սա կլինի հասուն և առողջ քաղաքական գործընթաց։ Արցախը պետք է ընտրությունների գնա համախմբված, այլապես այս իշխանությունների վերարտադրումից հետո հասարակության բևեռացումը կլինի վտանգավոր։ Մեր թիմը և անձամբ Սամվել Բաբայանը բաց են բոլոր այն գիտակից ուժերի առաջ, ովքեր արդարության համար են մարտնչում։ Պատրաստ ենք հանդիպել, քննարկել այն բոլոր հարցերը, որոնք հանգեցրել են այսօրվա քաղաքական ճգնաժամին։ Սա միակ ճանապարհն է ազգի միասնությունը պահպանելու համար։

Հետայսու մեր թիմը նաև միանում է այն ուժերին, ովքեր օրվա հրամայական են դարձրել ներկա իշխանությունների հրաժարականը և գնալու են դեպի ազատ ու արդար ընտրություններ, որն էլ իր հերթին կձևավորի հասուն քաղաքական դաշտ ու առողջ հասարակություն։

Ներկա իշխանությունների հրաժարականը դառնում է մեր օրակարգը, նրանց չհեռանալու դեպքում, մենք պատրաստվելու ենք հանրահավաքների, որպեսզի ավելի լսելի դարձնենք արցախցու արդար պահանջը։

Այսօր ողջ կյանքը միայն «դաբրոներով» ապրած մի քանի լրատվականներում տեղ գտած «նահանջող» վերնագրերով հոդվածները կրկին մեկի կամ մի քանիսի դաբրոյին արժանացել էին։ Բայց հոդվածագիրը հաշվի չէր առել, որ դեռ ԱԺ կամ Գերագույն դատարանը չեն հաստատել ստորագրահավաքի նախագիծը, իրավունք դեռ չի տրվել Սամվել Բաբայանին մասնակցելու ընտրություններին, ապա ինչ է նշանակում նահանջել, ինչի՞ց նահանջել, կամ ի՞նչ դաբրոյի սպասել։ Դուք պիտի դաբրոյի սպասեք՝ ընդունեք, թե չընդունեք, դաբրոները ձեր ոճին են համահունչ։ Երբ կհաստատվի նախագիծը ու Սամվել Բաբայանը հետ կկանգնի, այն ժամանակ նահանջից ու դաբրոներից կխոսենք։ Ամոթ է, գոնե մի նախապատրաստեք մարդկանց, որ նախագիծը չեք ընդունելու, և դա փորձեք անգրագետ մեկնաբանությունով հրամցնել հասարակությանը։ Նահանջներն ու դաբրոները խորթ են մեզ այնքան, ինչքան ձեզ դաբրո տվողի սեփական միտք ու գաղափար ունենալը։ Նահանջները մեզ համար չեն, մեզ համար ազգի անվտանգությունն ու զարգացումը ապահովող ուղիներն են կարևոր, որոնք որ գծել ու հստակ գնում ենք։ Դուք ապրեք ձեր չափանիշներով, մենք էլ մեր ազգային գաղափարներով»,-ասված է հայտարարության տեքստում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ