fbpx
Խորհրդարան

Արդյո՞ք կառավարության գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացին դարձավ երջանիկ. քննարկում Ազգային ժողովում

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրվեց, թե կատարվե՞լ է կառավարության ծրագրի դրույթներից մեկը, այն է՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքացին երջանիկ է:

«Երջանիկ քաղաքացու մասին ունեմ ես իմ պատկերացումները. երջանիկ քաղաքացին արժանապատիվ աշխատանքով, ընտանիքիդ, ընկերներիդ կողքին երկար ու առողջ ապրելու հնարավորությունն է։ Հիմա մենք ամեն օր լսում ենք, որ կրճատվում են այս կամ այն հաստիքները, քանդվում են սպասարկման օբյեկտներ, մարդիկ կորցնում են աշխատանքը։ Այս վիճակը որքանո՞վ է համահունչ երջանիկ քաղաքացի կատեգորիայի հետ», – կառավարության ներկայացուցչից հարցրեց Գևորգ Պետրոսյանը։

Հանձնաժողովում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ի պատասխան նշեց, որ երջանկության բազմաթիվ ձևակերպումներ կան և բավարարված լինելու զգացողությունը հենց երջանկությունն է։

«Դուք երջանկության զգացողությունը կապեցիք կամ հակադրեցիք պետական կառավարման համակարգում կրճատումների ու ապամոնտաժումների հետ։ Երջանիկ քաղաքացի կոնցեպտի մեջ պետք է տեղավորվի նաև արդյունավետ կառավարումը, օրինականության սկզբունքը։ Եթե սպասարկման օբյեկտներն անօրինական են, ապա պետք է ապամոնտաժվեն։ Սա, այո՛, կոչված է ապահովել երջանիկ քաղաքացի եզրույթը իրականության մեջ», – լրացրեց կառավարության ներկայացուցիչները։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ասաց, որ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի երջանկության ընկալումները չեն կարող նույնը լինել ինչպիսին, ասենք 20, տարեկան երիտասարդի ընկալումներն են։

«Դրա համար կառավարության ծրագրում նշվում էր մանրամասն այն ոլորտները, որոնցում բարեփոխումները կհանգեցնեն քաղաքացու երջանիկ լինելուն», – նշեց Հովակիմյանը։

Ըստ նրա՝ 10 ամիս կառավարած կառավարությունից հնարավոր չէ ակնկալել, որ 20 տարի քայքայածը կվերականգնվի։

«Հանրային ընկալման մեջ մեծամասնություն էին կանաչապատման կողմնակիցները և հիմա շատ լավ է, որ բետոնապատողները փոքրամասնություն են, հակառակ դեպքում, մի օր կպարզվեր, որ ամբողջ Երևանը բետոնապատվում է», – նշեց Հովակիմյանը։

«Այ մարդ, ծրագրից խոսեք», – արձագանքեց Գևորգ Պետրոսյանը։ Ի պատասխան՝ Հովակիմյանը նկատեց, որ չէր պատրաստվում ելույթ ունենալ, ինչին Պետրոսյանը արձագանքեց. «Փաստորեն, ես եմ մեղավոր, որ դուք խոսում եք»։

«Մենք չենք եկել այստեղ միայն քննադատական ելույթներ ունենանք։ Մեր քաղաքացին շատ ավելի երջանիկ կլինի, եթե սկսենք փաստերով խոսել», – նշեց Հովակիմյանը։

Պետրոսյանը Հովակիմյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը ե՞րբ պետք է աշխատատեղ ստեղծի, ե՞րբ պետք է հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն վարի, որ աշխատատեղեր ստեղծվեն, արժանապատիվ աշխատավարձեր վճարվեն գործարարները չդժգոհեն։

«Սրա հետ էր կապված երջանկության մասին իմ հարցը։ Ես այդպես չասացի, որ ստեղ բոլորդ երջանկության մասին ձեր ձևակերպումները տաք», – հայտարարեց Պետրոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ