Կարո՞ղ է արդյոք ՍԴ-ն ներկայիս կազմով անկողմնակալ քննել Քոչարյանի և Խաչատուրովի գործերը

Ամենադիտվածներ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին:

Այն պայմանավորված է մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով․

1) նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

3) նա մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում։

Անդրադարձ կատարելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների քաղաքական անցյալին և կենսագրությանը՝ ներկայացնենք փաստեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ առնվազն կասկածի տակ դնելու նույն Հրայր Թովմասյանի և ՍԴ որոշ անդամների անաչառությունն ու անկողմնակալությունը վերոնշյալ գործերի նկատմամբ։ Ավելին՝ անդամներից ոմանք պետական քաղաքական պաշտոններ են զբաղեցրել այդ տարիներին և կայացրել են որոշումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են մարտիմեկյան իրադարձությունների հետ։

Հրայր Թովմասյան – ՍԴ ներկայիս նախագահի քաղաքական կենսագրությունը շատերին է հայտնի՝ ՀՀ արդարադատության նախարարից մինչև ԱԺ պատգամավոր։ Նա իր կարեիերան սկսել է հենց Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո իշխանությունը ստանձնած ՀՀԿ-ի օրորք։ 2010 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արդարադատության նախարար և պաշտոնավարել մինչև 2014 թվականի ապրիլը, այնուհետև ՀՀԿ-ի (որին անդամակցել է 2012թ-ից) համապետական ընտրական ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր։ Անդամակցությունը ՀՀԿ-ին կասեցրել է միայն 2018թ-ին, երբ առաջադրվել է ՍԴ նախագահի պաշտոնում, քանի որ ըստ սահմանադրության համապատասխան հոդվածի՝ ՍԴ անդամը չի կարող որևէ կուսակցությունից լինել։

ԱլվինաԳյուլումյան – 2003-2014թթ. աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մասնավորապես 2012-2014թթ․՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: 2008-ից հետո ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի բազմաթիվ գործեր են եղել՝ կապված Մարտի 1-ի հետ, որոնց հետ այս անդամը հնարավոր չէ, որ առնչություն չունենար։ Նշենք, որ հենց այս տարիներին ՀՀ-ում Արդարադատության նախարարը եղել է Հրայր Թովմասյանը։

Արաիկ Թունյան – 2007 – 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի (սկզբում՝ Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև՝ Սերժ Սարգսյանի) աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Հետևաբար՝ Արաիկ Թունյանը անցյալում կապ է ունեցել Քոչարյանի և վերջինիս կողմից ստորագրված 0038 հրամանի կազմման հետ, որի հետևանքով էլ տեղի են ունեցել մարտիմեկյան արյունալի իրադարձութուները՝ ըստ մեղադրող կողմի

Արևիկ Պետրոսյան – 2007թ. նոյեմբեր – 2010թ. հոկտեմբեր ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Հենց նրա փոխնախագահության ժամանակ՝ 2008թ․ մարտի 2-ին, Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ և հավանություն տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:

Ֆելիքս Թոխյան – 1997 թ. սեպտեմբերի 23-ից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է, իսկ Հրանտ Նազարյանը՝ 1996թ. փետրվարի 5-ից։ Այս երկու անդամների մասնակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանը 2008 թվականի մարտի 8-ին արտակարգ դրության պայմաններում կայացրել է որոշում, որով մերժել է այդ ժամանակ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հայցերը՝ վիճարկելու նախագահական ընտրությունների արդյունքները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի որոշումը։ ՍԴ 9 անդամներից մեկը՝ Վալերի Պողոսյանը, դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ ասելով, որ այս որոշումը կայացնելու համար անձամբ ինքը և իր կոլեագաներից ոմանք ճնշումների են ենթարկվել Քոչարյանի աշխատակազմի կողմից։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել WikiLeaks-ի հրապարակած նամակագրություններից մեկից։ Նշենք, որ Վալերի Պողոսյանը չի մասնակցել նիստին, երբ կայացվել է այս որոշումը։

Աշոտ Խաչատրյան – 2004 -2010 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Հենց այդ ժամանակահատվածում ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի շրջանում նա և իր գլխավորած վարչությունն ի պաշտոնե դրական եզրակացություն են տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին։ Նշենք, որ այդ վարչության եզրակացությունները նույնպես ԱԺ օրինաստեղծ գործունեության մասն են։

Հիմք ընդունելով այս փաստերը՝ կարելի է ասել, որ ՍԴ հիշյալ անդամները նույնպես կարող են կանխակալ և կողմնակալ վերաբերմունք ունենալ Մարտի 1-ի գործով որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Հետևաբար՝ ինչպես Վահե Գրիգորյանի, այնպես էլ վերոհիշյալ անդամների մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնարին ենք համարում։

Հասմիկ Ռաֆայելյան

Ամենաթարմ