Փաշինյանի ու Ալիևի Մյունխենյան դեբատը, ըստ իս, բացեց երկու կողմերի բանակցողների փաստարկները, նպատակներն ու կարողությունները: Եվ այո, դա հենց այն եմ համարում, ինչ ու ինչպես խոսում են և խոսել են փակ քննարկումներում: Դա չի ուժեղացնում հայկական կողմի նախկին բանակցողների դիրքերը, ոչ էլ ցածրացնում է: Մերոնք «իրար միս» ուտելու համար միատարր են, բայց նույն քաղաքականությունն են վարել ու վարում՝ անկախ փաթեթավորումից: Ադրբեջանական կողմն էլ իրենն է փորձում առաջ տանել, բայց դե:
Դեբատի մասին դրանից հետո, թե ով ոնց է ներկայացնում կամ վերլուծում իր երկրում, դա ագիտացիա եմ համարում (թող ներեն ինձ բոլոր ազնիվ վերլուծաբանները): Արևմուտքը լուծում է պահանջում, հարգելիներս: Արևմուտքը էներգետիկ ռեսուրսների և տարածաշրջանից բխող պատերազմական սպառնալիքների կանխարգելման կարիք ունի: Այս երկու հիմնական կարիքներին դեմ է պուտինյան Ռուսաստանը, որը մեր ու հակառակորդ երկրի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող պետությունն է, և երբեք չի գնա արևմուտքին կամ մեր տարածաշրջանում վերջնական խաղաղություն ապահովելուն ընդառաջ ոչ մի պարագայում: Դա իր ներկայիս դոկտրինից չի բխում:
Եվրոպական գերհզոր երկրները դադարել են կոշտ ընդդիմանալ Ռուսաստանին հա՛մ էներգետիկ ռեսուրսներից բխող խնդիրների, հա՛մ հնարավոր արյունոտ իրադարձությունները բացառելու, հա՛մ էլ ԱՄՆ-ից եկող ազդակների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, իրենց շահերից բխող ընթացակարգերը ժամանակ առ ժամանակ բացում են մեր խեղճացած ու մսխված երկրների իրական մոտեցումները, որպեսզի կաշկանդեն և տեղից շարժեն ռուսական հեգեմոնիայի դեմ կուտակված ըմբոստության հաղթարշավը:
Ես Ռուսաստանին չեմ համարում թշնամի երկիր, բայց նաև բարեկամ երկիր էլ չեմ համարում՝ իր վարած կայսերապաշտական քաղաքականության համար, որը շատ արյունոտ, կրիմինալ ու կոռումպացված ուղով է ընթանում, բայց պետք է կանգ առնի թե՛ իր ներքին հակակայսերական ռեսուրսի, թե՛ արտաքին խթանիչների պատճառով: Սա իմ երազանքը կամ նպատակը չէ, ուղղակի աշխարհակարգն է այդպես թելադրում:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3727919247219942