fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ եւ արգասաբեր գործունեություն մաղթեց. «Վստահ եմ, որ Դուք կարեւոր ներդրում կունենաք եւ կնպաստեք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»: Միրզոյանը շնորհավորեց դեսպանին երեկ՝ մայիսի 25-ին, Արգենտինայում նշվող ազգային տոներից մեկի՝ Մայիսյան հեղափոխության օրվա առթիվ:

ԱԺ նախագահի խոսքով` չնայած աշխարհագրական մեծ հեռավորությանը` երկու երկրների միջեւ հարաբերությունները բարեկամական են, առկա է կառուցողական քաղաքական երկխոսություն: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

«Պարոն դեսպան, Դուք Հայաստանում եք մեզ համար չափազանց ծանր ժամանակահատվածում: Գիտեք, որ նախորդ աշնանը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ եւ վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները, օգտագործելով արգելված զինատեսակներ: Արդյունքում՝ թեեւ հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին՝ կեղծ քրեական գործեր հարուցելով վերջիններիս նկատմամբ: Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ իրենց ձայնը բարձրացնեն եւ միջամտեն այս հարցին»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հակահայկական հայտարարություններն ու գործողությունները, ինչը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեւէ չի կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում. «Մեր համոզմամբ՝ ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել բացառապես նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»:

Միրզոյանը նաեւ անդրադարձավ ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինվորների ներխուժմանը եւ դրա վերաբերյալ բազմաթիվ երկրների հայտարարություններին, ըստ որոնց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել, եւ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշեց, որ Հայաստանը Արգենտինայի համար կարեւոր երկիր է՝ հատկապես հաշվի առնելով մեծաթիվ հայկական համայնքի ներկայությունը: Դեսպանը վերահաստատեց Արգենտինայի դիրքորոշումն առ այն, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով. «Անպայման պետք է հարգել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, համապատասխան կոնվենցիայի դրույթները»:

Հանդիպման ավարտին դեսպանը Արարատ Միրզոյանին փոխանցեց Արգենտինայի նախագահի եւ արտաքին հարաբերությունների նախարարի ուղերձները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ