«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ կառավարությունը մի ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին, և այդ օրը մենք պլանավորում ենք ՀՀ-ում տնկել 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի հայության միասնությունը ՀՀ պետականության շուրջ և ՀՀ-ում. 10-րդ ամիս, ամսի 10-ը և 10 միլիոն ծառ»
Ինչպես նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ դա համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ քայլն է:
Վարչապետը նաև նշեց, որ նման համաժողովների անցկացումը կարևոր է մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
«Առհասարակ ինդուստրիալ հեղափոխության առաջին իսկ օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ: Մարդիկ ունեին այն մտահոգությունը, թե եթե նույն աշխատանքը կատարում են տեխնոլոգիաները, ապա իրենք ի՞նչ են անելու:
Սակայն հետո ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողության: Պարզվեց, որ երբ ազատվում են մարդու ձեռքերը, առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, և այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումը մտածողության զարգացում է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ հիմա էլ նմանատիպ վախ կա արհեստական բանականությունից: Սակայն արհեստական բանականությունը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես ժամանակին դա արել է ինդուստրիալ հեղափոխությունը: