fbpx
Իրավական

Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել

Armtimes.am-ի փոխանցմամբ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:

Այս մասին այսօր, դատարանում պատասխանելով մեր հարցին, ասաց նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը:

Նա ասաց, որ նիստը մինչեւ 15:00-ն ընդմիջվել է. պատճառն այն է, որ պաշտպանական կողմը լրացուցիչ ապացույցներ է պահանջել դրանց ծանոթանալու համար: Ըստ պաշտպանի՝ պահանջված նյութերը կարեւոր են հետագայում Գեւորգյանի կալանավորման պայմանների եւ հիմքերի վիճարկման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ դատարանը քննում է նրան կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): 

Մեր հարցին ի պատասխան Ալեքսանյանը ասաց, որ կաշառքի եւ փողերի լվացման վերաբերյալ գործը քննվում է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Մեր ճշտող հարցին՝ ըստ մեղադրանքի՝ Մարտի 1-ի գործի շրջանակներո՞ւմ է Գեւորգյանը կաշառք ստացել, պաշտպանն ասաց, որ չի կարող հստակ պատասխանել, որովհետեւ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին եւ դրանք համարվում են նախաքննական գաղտնիք:

Մեր հարցին՝ Գեւորգյանի դեմ ցուցմունք տրվել է, եւ արդյո՞ք այդ անձը հանդիսանում է գործարար Սիլվա Համբարձումյանը, Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե կալանավորման միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար՝ ներկայացնում է որոշակի փաստական տվյալներ՝ կալանավորման հիմքերի եւ պայմանների առկայության մասին, բայց թե կոնկրետ ինչ փաստական տվյալներ է ներկայացվել, նման տեղեկություն հայտնել չեմ կարող»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Գեւորգյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դրվագը առնչվում է խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքին, որի դեմ, ըստ էության, ցուցմունք է տվել Սիլվա Համբարձումյանը: Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Մեր հարցին, թե Գեւորգյանի մասնակցությամբ քննչական գործողություն կատարվել է եւ արդյո՞ք նա առերեսվել է Սիլվա Համբարձումյանի հետ, Ալեքսանյանը չպատասխանեց: Պաշտպանը նաեւ չպատասխանեց այն հարցին, թե ըստ մեղադրանքի՝ Գեւորգյանը որքան կաշառք է ստացել:

Նշենք, որ ընդմիջում հայտարարելուց հետո ՀՀ նախկին փոխվարչապետը նիստերի դահլիճը լքել է փակ գոտով, որն էլ, ըստ էության, նախատեսված է դատավորի ելումուտի համար: 

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ այս պահին դեռեւս լսվել է միայն քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը, պարզաբանվել է որոշակի հարցեր, որոնց առնչությամբ էլ միջնորդություններ է ներկայացվել լրացուցիչ նյութեր պահանջելու վերաբերյալ: Լրագրողների դիտարկմանը՝ Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է սահմանադրական կարգ տապալելու համար, իր նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական խնդիր է տեսնում, Արմեն Գեւորգյանը նման խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց, որ Գեւորգյանը նման հայտարարություններ չի արել, իսկ եթե հետագայում անի, ապա այդ մասին հասարակությունը կտեղեկացվի:

Մեր հարցին, թե նախաքննական մարմինը ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդության մեջ, պաշտպանը պատասխանեց, որ ըստ քննություն իրականացնող մարմնի, Գեւորգյանը կարող է խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը, թաքնվել քննությունից կամ ազդեցություն գործել վկաների կամ գործով անցնող այլ անձանց նկատմամբ: Պաշտպանական կողմը դեռ իր առարկությունները չի ներկայացրել:

Պաշտպանը չասաց, թե ով է քննում իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը. ըստ մեր տեղեկությունների՝ գործը նախագահում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե դատավորի կողմից կանխակալ վերաբերմունք նկատելի՞ է եւ արդյոք նրան ինքնաբացարկի միջնորդության հիմք այս պահին առկա է, Ալեքսանյանը պատասխանեց, որ դատավորի կողմից կանխակալ վերաբերմունքի մասին չի կարող հայտնել եւ ինքնաբացարկի միջնորդության հիմք այս պահին առկա չէ:

Նշենք, որ նախկինում, երբ Գեւորգյանը մեղադրվում էր միայն արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեր հարցին, քննություն իրականացնող մարմինը ներկայացնում է արդյոք տվյալներ, թե ազատության մեջ գտնվելու ընթացքում Գեւորգյանը կատարել է ոչ իրավաչափ գործողություն, խախտել է արդյո՞ք խափանման միջոցի պայմանը, Ալեքսանյանը նշեց, որ փաստը, որ նա նման գործողություններ չի կատարել, վկայում է նաեւ այն հանգամանքի մասին, որ Գեւորգյանն այսօր ներկա էր սույն դատական նիստին: Այսինքն՝ ըստ պաշտպանի՝ Արմեն Գեւորգյանը չի փորձել թաքնվել եւ չի էլ թաքնվելու: Հարցին՝ Գեւորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը, ըստ քննության իրականացնող մարմնի, պայմանավորված է բացառապես նրան նոր ծանր մեղադրանք առաջադրելու հանգամանքներով, Ալեքսանյանը դրական պատասխան տվեց:

Պաշտպանի խոսքով՝ թեեւ իրենք գտնում են, որ Գեւորգյանին կալանավորելու հիմքեր եւ պայմաններ առկա չեն, այնուամենայնիվ, հետագայում եթե դատարանը այդպիսի հիմքեր տեսնի միջնորդելու են, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի կալանավորման այլընտրանքային միջոց՝ գրավ: Հարցին, թե որքա՞ն գրավ կարող է վճարել Գեւորգյանը, պաշպանը չպատասխանեց: Մեր ճշտող հարցին, թե Արմեն Գեւորգյանը Մարտի 1-ի գործով ի՞նչ դիրքորոշում է հայտնել, Ալեքսանյանը ասաց, որ ինչպես սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ մյուս հոդվածներով առաջադրված մեղադրանքների հետ առնչություն չունի եւ չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Խոսելով դատարանից սպասվող ակնկալիքի մասին, պաշտպանն ասաց, որ պաշտպանական կողմը որեւէ կասկած չունի, որ դատարանն արդար է եւ կիրականացնի իր հիմնական առաքելությունը՝ արդարադատության իրականացումը: Հարցին՝ թե Քոչարյանի հետ Գեւորգյանը կապ, շփում ունեցե՞լ է նկատի ունենալով, որ նրանք նույն գործով են անցում, պաշտպանը բացասական պատասխան տվեց:

Մեր մյուս հարցին, թե իր մեղադրանքի հիմքում էլ է դրված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008-ի փետրվարի 23-ին արձակված 0038 հրամանը, Ալեքսանյանը չպատասխանեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ