Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը փետրվարի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Արմեն Պապիկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը և տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին և այդ համատեքստում բարձրաստիճան երկկողմ շփումների կարևորությանը։
Հանդիպման վերջում ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը և դեսպան Պապիկյանը՝ որպես ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ, մտքեր են փոխանակել Կառավարիչների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ: