Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին և կրկնակի պատիվ՝ հյուրընկալել գիտնական-նախագահի:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ այս համալսարան է այցելել դեռ անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ հետազոտություն էր անում աստղաֆիզիկայի և ձգողականության ոլորտում։ «Այս համալսարանի նման համալսարանները կդառնան աշխարհի զարգացման հիմքը»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի նախագահը նշել է, որ այսօր երիտասարդների մեծ մասը ցանկանում է ստարտափ ստեղծել, ունենալ նոր տեխնոլոգիաների ընկերություն: «Այս աշխարհը նոր ստարտափ է, և յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործելու հնարավորություն ունի,- ասել է նախագահը։ -Աշխարհը դառնում է մի վայր, որտեղ նորարարությունը և գաղափարն են կարևորվում։ Նույնիսկ մեծ ընկերությունները մեծ տեղ են հատկացնում նորարարությանը, ստարտափերին։ 21-րդ դարում նորարարությունները և նոր գաղափարներն են քաջալերվելու։ Սա նոր աշխարհ է, որը շատ արագ է փոփոխվում։ Մենք փոփոխության խաչմերուկում ենք։ Այդ փոփոխությունը տպավորիչ է և հետագայում ավելի դրամատիկ կլինի»։
Նախագահի խոսքով՝ այսօր մենք ապրում ենք նոր աշխարհում. «Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է, ինչպես տարրական մասնիկները։ Մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ և սկսում ենք քվանտային առարկաների վարքագիծ դրսևորել։ Այսօր մենք բոլորս փոխկապակցված և շաղկապված ենք, գլոբալ ռիսկերը դառնում են քվանտային»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ասվածը վերաբերում է նաև քաղաքականությանը: «Եթե 100 տարի առաջ գիտնականները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային, այժմ ես փորձում եմ փոխանցել այն ուղերձը, որ մարդկային վարքագիծը ևս այսօր քվանտային է: Ուստի, գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու բացահայտել մարդկային վարքագիծը դասական ձևերով: Աշխարհը նույնպես գնալով դառնում է քվանտային: Մենք պետք է փոխենք մեր տրամաբանությունը՝ ինչպես ենք մենք ղեկավարում քաղաքականությունը, արտաքին հարաբերությունները, ինչպես ենք դիտարկում ապագան: Նոր աշխարհում շատ բաներ անկանխատեսելի են, և եթե մենք փոխենք մեր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, հնարավոր կլինի շատ բաներ հասկանալ: Քվանտային աշխարհը գրավիչ է, քանի որ մեծ հեռանկարներ է բացում նոր տրամաբանություն գործի դնելու համար»:
Խոսելով արհեստական բանականության մասին և անդրադառնալով աշխարհի վրա նրա ազդեցությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ արհեստական բանականության զարգացման պայմաններում ևս ամենակարևոր էակը մնալու է մարդ արարածը: «Եթե մենք կորցնենք պարզ մարդկային զգացմունքները՝ սեր, հարգանք, ազնվություն, բարոյական արժեքները, ապա կստեղծենք դժոխք այս մոլորակի վրա: Ուստի բարոյականությունը մնալու է մարդկային ամենամեծ արժեքներից մեկը»,- նշել է նա:
Անդրադառնալով հայաստանյան համալսարանների հետ համագործակցությանը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: «Այն նպատակ ունի համախմբելու միջազգային մեծ ընկերությունների արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև կամուրջներ ստեղծել հայտնի համալսարանների հետ: Ես կցանկանամ այս հաստատությունը ևս տեսնել մեր գործընկերների ցանկում»,- ասել է Հայաստանի նախագահը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև Technion տեխնոլոգիական ինստիտուտում սովորող հայ ուսանողների հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։