Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են Հադրութում գտնվող գինու գործարան

Հրապարակող՝

Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են Հադրութում գտնվող գինու գործարան

Ամենադիտվածներ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան:

Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ Նրանք իրենց արտադրած գինին կոչել են Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով։

Էդիկ Ավետիսյանն ասել է, որ գինի սկսել են արտադրել 2002 թվականից: Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ավետիսյանների ընտանիքին։ Նշելով, որ գյուղի բնական պայմանները հրաշալի են խաղողագործության և գինեգործության համար՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Ցանկացած գործի հաջողության համար շատ կարևոր են հոգին ու սերը, իսկ դուք այն ներդնում եք»։

Ավետիսյանները նախագահ Արմեն Սարգսյանին գինի են հյուրասիրել։ Համտեսն ամփոփվել է կենաց-մաղթանքով.«Խաղաղություն այս հողին ու ջրին, հիշենք բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին և շարունակում են ապրել անմահության մեջ»։

Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները շրջել են Տող գյուղում, որը հարուստ է պատմական հուշարձաններով, եղել մելիքական ամրոցում և թեյի սեղանի շուրջ զրուցել տողեցիների հետ։

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Ամենաթարմ