fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ ՀՀ նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել վերջերս ԱՄԷ կատարած իր այցի ընթացքում, իրականություն կդառնան: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ծրագրերի իրագործմանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղն ասել է, որ Հայաստանի նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում ԱՄԷ ղեկավարների հետ կայացած հանդիպումներն ուղենիշ են դարձել, որպեսզի այսօր ինքը Հայաստանում քննարկումներ անցկացնի տարբեր ոլորտների շուրջ:

Նա տեղեկացրել է, որ արդեն տեղի են ունեցել հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումները, որոնց ընթացքում որոշակի համաձայնության են հասել մի շարք կարևոր հարցերում:

Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն ասել է, որ ակնկալում են ավելի սերտ համագործակցություն ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ կան էմիրաթական գործարարության հաջողված օրինակներ՝ ԱՄԷ պետնախարարը կարևորել է ինչպես դրանց հետագա ծավալումը, այնպես էլ հայաստանցի գործարարների ներկայությունը էմիրաթական շուկայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ