Դերասան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկու օր շարունակ հետևեցի Օպերային թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին, որտեղ գլխավոր դերում հայտնվեցի նաև ես: Ինձ համար տհաճ ու նողկալի կարգավիճակ` աթոռակռիվ: Միշտ խուսափել եմ նման իրավիճակներից, ապրել ու գործել եմ պարզ, արդար և թափանցիկ: Այսօր էլ լինեմ այդպես:
Նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից ստացա առաջարկ` ղեկավարել նախարարությանը կից ՊՈԱԿ-ներից մեկը (ոչ Օպերային թատրոնը), և դեկտեմբեր ամսին պետք է լիներ իմ նշանակման հրամանը:
Ընդունեցի և հայտնեցի պատրաստակամությունս` լինել օգտակար հայ մշակույթի բնագավառում: Նույն օրը ինձ հետ խոսել են Օպերային թատրոնի մի շարք արտիստներ, ովքեր բազմաթիվ խնդիրներ առաջ քաշեցին և դժգոհեցին օպերային թատրոնում տիրող վիճակից, կառավարումից և օրենսդրական խախտումներից: Ես տեղեկացրի, որ այլ թատրոն եմ գնալու, բայց պատրաստ եմ նախարարին ներկայացնել այդ խնդիրները, եթե դրանք լուծում չեն ստանում: Երկար զրույցից հետո ես պատրաստակամություն հայտնեցի նաև ստանձնել այդ պաշտոնը, եթե ինձ են տեսնում այդտեղ, քանի որ անձամբ ճանաչում եմ արտիստների մեծամասնությանը, տեղյակ եմ նրանց խնդիրների մասին, գիտեմ լուծման ճանապարհները:
Դեկտեմբեր ամսին ես երկրից բացակայեցի, որի պատճառով իմ փոխարեն ուրիշ մեկը նշանակվեց վերոնշյալ թատրոնի տնօրեն:
Ինչ վերաբերում է Օպերային թատրոնի տնօրենի հաստիքին, ինձ ասել էին, որ օրենսդրական խնդիրներ կան, որոնք պետք է լուծում ստանան ու անցկացվի մրցույթ: Ես մտածեցի, որ այս ընթացքում մաեստրո Օրբելյանին չեն անհանգստացնի, քանի որ նախարարությունը դեռ օդից կախված է և օպտիմալացման նախագիծը չի հաստատվել, իսկ Օրբելյանը մեծանուն և հրաշալի արտիստ է և չէի մտածում, որ կվիրավորեն նրան:
Մարտի 28-ին, Դվին ռեստորանում թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված երեկոյի ընթացքում հանդիպեցի մաեստրո Օրբելյանին, շատ դրական և լավ մթնոլորտում մի քանի բառ փոխանակեցինք և պայմանավորվեցինք հանդիպել երկուշաբթի, որպեսզի նրան պատմեմ ողջ եղելությունը ու փորձեմ ինչ-որ կերպ օգտակար լինել, որպեսզի այս հարցը լուծում ստանա` ի շահ թատրոնի և թատրոնի անձնակազմի:
Ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ և Նազենի Ղարիբյանը նրա ազատման հրամանը ստորագրեց:
Դրանից հետո ինձ ոչ-ոք ոչինչ չի առաջարկել, չի խոստացել:
Ես ցավում եմ, որ մաեստրո Օրբելյանի հետ չգտնվեց ճիշտ և գրագետ շփման ձև: Ամեն բան կարելի է անել օրենքով և գեղեցիկ:
Այսքանով ուզում եմ հերքեմ այն ստերը, որ «վերևներից» ինձ են տեսնում այդ պաշտոնին, որ ես Նազենի Ղարիբյանի մտերիմն եմ, որ մտել եմ Օրբելյանի մոտ, որ արդեն նշանակվել եմ, որ ստաժս կամ տարիքս չէր ներում դրա պատճառով չնշանակեցին, որ ես էդ ստեր գրողների մամաների հետ եմ հանդիպել և այլն և այլն ))))
Լավ եղեք, արդար եղեք ու մի հավատացեք ստահոդ լուրերի»։