Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ օրերս Գաբալայում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ՝ քննարկելու Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցերը։ Ըստ նրա՝ քննարկումներն արդեն տեղի են ունեցել, և համագործակցության հնարավորություններ կան։
Մհեր Գրիգորյանը նշել է, որ վառելիքի ներկրման հետ կապված հետագա քայլերը լինելու են մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության շրջանակում։ Նա ընդգծել է, որ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական։ Սակայն ադրբեջանական վառելիքի ներկրման ծավալների, գների և հայաստանյան ներմուծող ընկերությունների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։
Ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի, քննարկվել են նաև փոխադարձ առևտրի այլ ոլորտներ, սակայն Մհեր Գրիգորյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը։ Նա նշել է, որ այդ քննարկումները դեռ շարունակվում են։

