Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը, ՀՀ ռազմական կցորդ Արկադի Տոնոյանի և դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանի ուղեկցությամբ, մասնակցել է AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքներին նվիրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կլոր սեղանի քննարկմանը։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպան Աֆյանը կարճ զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի և պաշտպանական ոլորտի այլ բարձրաստիճան պաշտոնատարների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ուղղություններն ու ապագա ծրագրերի շրջանակները՝ ուղղված ռազմական և օդատիեզերական ոլորտներում գործընկերային կապերի ամրապնդմանը։
AeroIndia 2025-ը, լինելով Հնդկաստանի ամենախոշոր օդատիեզերական ցուցահանդեսներից մեկը, կարևոր հարթակ է՝ նպաստելու միջազգային համագործակցության զարգացմանը, նորարարական լուծումների ներկայացմանը և ռազմավարական կապերի ընդլայնմանը։ Միջոցառման կարգախոսներից են ազդեցիկ քննարկումների, ռազմավարական գործընկերությունների և բեկումնային նորարարությունների խթանումը։
Հայաստանի մասնակցությունը նման խոշոր ցուցահանդեսին ընդգծում է երկրի ջանքերը՝ ընդլայնելու ռազմաարդյունաբերական համագործակցությունը Հնդկաստանի և այլ երկրների հետ, ինչպես նաև ներգրավվելու գլոբալ ռազմավարական ծրագրերում։ Սա հնարավորություն է նաև Հայաստանին ներկայացնելու իր դիվանագիտական ներուժն ու ոլորտային հնարավորությունները՝ օդատիեզերական և ռազմական տեխնոլոգիաների զարգացման համատեքստում։