fbpx
Քաղաքականություն

Հայաստանի առևտրային քաղաքականությունը վերաքննվում է ԱՀԿ-ում

Նոյեմբերի 20-ին՝ Ժնեւում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության երկրորդ առեւտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ) լիագումար նիստը՝ ԱՀԿ Գլխավոր Խորհրդի նախագահ, դեսպան Յուհիկո Իհարայի նախագահությամբ: Հայտնում է armtimes.com-ը:

Նիստին մասնակցում է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Վերջինս հանդես է եկել բացման խոսքով եւ զեկույցով ներկայացրել ՀՀ առեւտրային քաղաքականության զարգացումները:

Որպես հարակից զեկուցող հանդես է եկել ԱՀԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Գեֆֆին:

Նիստի շրջանակներում ներկայացվել եւ քննարկվել է երկու փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության առեւտրային քաղաքականության վերաբերյալ ԱՀԿ քարտուղարության կողմից պատրաստված զեկույցը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատրաստված զեկույցը:

Լիագումար նիստին մասնակցում են ԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցների եւ մարմինների ներկայացուցիչները:

ՀՀ առեւտրային քաղաքականության նկատմամբ ԱՀԿ անդամ երկրների կողմից ցուցաբերվել է մեծ հետաքրքրություն եւ երկրորդ առեւտրային քաղաքականության վերաքննության զեկույցների ներկայացման ժամանակ ԱՀԿ 19 անդամ երկրների ներկայացուցիչներ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Կանադա, Իսլանդիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ուկրաինա, Թաիլանդ, Սինգապուր, Ղրղզստան, ՌԴ, Բրազիլիա, Ղազախստան, Պարագվայ, Ուրուգվայ, Տաջիկստան եւ Աֆղանստան) հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով Հայաստանի հետ իրենց առեւտրային հարաբերությունների ներկա ընթացքը, զարգացման ուղղությունները, նկատառումները, դիրքորոշումները, ինչպես նաեւ ներկայացրել են հարցեր՝ ակնկալելով հայկական կողմի պարզաբանումները: Բոլոր նշված երկրների ներկայացուցիչները հատկապես նշում եւ կարեւորում էին 2010թ.-ին կայացած ՀՀ առեւտրային քաղաքականության առաջին զեկույցից հետո ոլորտում տեղի ունեցած զարգացումները:

Նոյեմբերի 22-ին նիստի աշխատանքը կշարունակվի եւ հայկական կողմը, ինչպես նաեւ ԱՀԿ քարտուղարության ներկայցուցիչներն ու ԱՀԿ անդամ երկրները հանդես կգան ամփոփիչ ելույթներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ