fbpx
Տնտեսություն

Հայաստանի զբոսաշրջային աճը՝ հարևան երկրների հաշվին

Ararat mountain and two tourists

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է տվյալներ, ըստ որոնց, 2024 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ 8 հազարով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Չնայած թվացյալ աճին՝ այս ցուցանիշները հիմնականում հիմնված են հարևան երկրների՝ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի զբոսաշրջիկների այցելությունների վրա, ինչը կարևոր հարցեր է առաջացնում տուրիզմի ոլորտում կառավարության և զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վերաբերյալ։

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները կազմել են ընդհանուր այցելուների 43%-ը։ Այս մեծ տեսակարար կշիռը մասամբ կարող է բացատրվել Ռուսաստանում առկա քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններով, ինչը ստիպում է շատերին այցելել Հայաստան որպես ժամանակավոր ապաստանի տարբերակ։ Բացի այդ, այցելուների զգալի մասը հայեր են, որոնք գալիս են մոտակա երկրներից՝ այցելելու իրենց հարազատներին և շրջագայելու հայրենիքում, թեև այդ մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ Վրաստանից և Իրանից այցելուների տեսակարար կշիռները ևս բավականին բարձր են՝ համապատասխանաբար 11% և 7%։

Սա վկայում է, որ Հայաստանի զբոսաշրջային այցելությունները հիմնականում պայմանավորված են մոտակա երկրներից ժամանող այցերով, իսկ հեռավոր երկրներից միջազգային զբոսաշրջիկների հոսքը շատ սահմանափակ է, և այստեղ կրկին կարելի է նշել սփյուռքի հայերի ժամանումների մասին։ Այս միտումը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ չի դառնում իրական տուրիստական ուղղություն, որը կհետաքրքրի միջազգային զբոսաշրջիկներին։

Կառավարության և զբոսաշրջության կոմիտեի թերացումները

Այս վիճակագրությունը վկայում է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կառավարության և զբոսաշրջության կոմիտեի կողմից արդյունավետ և բազմազան քաղաքականության բացակայության մասին։ Զբոսաշրջության ոլորտում միջազգային հետաքրքրությունը մեծացնելու համար անհրաժեշտ է մշակել ավելի ընդգրկուն ծրագրեր, որոնք կհրապուրեն ոչ միայն հարևան երկրները, այլև կներգրավեն զբոսաշրջիկներին ավելի հեռավոր երկրներից։ Մշակութային, արկածային և գաստրոնոմիկ տուրիզմի խթանումը, ինչպես նաև նորարարական միջոցառումների կազմակերպումը կարող են նպաստել միջազգային տուրիստական հետաքրքրության աճին։

Արդյո՞ք բավարար է ներկայիս զբոսաշրջային քաղաքականությունը

Այս իրավիճակը վկայում է, որ ներկայիս զբոսաշրջային քաղաքականությունը բավարար չէ Հայաստանի զարգացումը որպես բազմազան և գրավիչ տուրիստական ուղղություն ապահովելու համար։ Մինչ Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, եզակի բնություն և հյուրընկալ ժողովուրդ, սակայն այս պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում։ Կառավարությունը և զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները պարտավոր են իրականացնել ավելի ուժեղ ռազմավարական քայլեր՝ նպաստելով կայուն և բազմազան զբոսաշրջության զարգացմանը։

Հայաստանի զբոսաշրջային քաղաքականության վերանայումը և արդիականացումը խիստ անհրաժեշտ են՝ երկիրը միջազգային տուրիզմի առավել գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ