Թուրքական մամուլից տեղեկանում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Ալիջանի սահմանային անցակետում, որը կարևոր անցումային կետ է երկու երկրների միջև, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։ Նպատակն է անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար՝ Մարգարայի կամրջով, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։
Թուրքական հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո ստորագրված խաղաղության պայմանագիրը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին։ Դրա գործնական քայլերից մեկը դարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը՝ որպես առաջին առևտրային նախաձեռնություն։ Այս համատեքստում Ալիջանի անցակետում նախատեսվում է ճանապարհի լրացուցիչ շինարարություն՝ այն միացնելով Քարաքոյունլու շրջանի խաչմերուկին և «Զանգեզուրի ճանապարհին», ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ։
Անցակետում տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը, ինչպես նաև Թուրքիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Քննարկվել են ենթակառուցվածքների բարելավման, լոգիստիկ հնարավորությունների ամրապնդման և գործող չափորոշիչների բարձրացման հարցերը։

