Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը:
Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած նրան, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ Արմեն Թադևոսյանի առողջական խնդիրները հրատապ լուծման կարիք ունեին, ըստ հոր հայտնած տվյալների, նրա հետազոտությունները կրել են ձևական բնույթ,և ընդամենը ցուցվել էր պլանային վիրահատություն՝ հրատապ լուծման փոխարեն:
Ընդհանուր տվյալների ուսումնասիրությունից պարզվել էր, որ առկա են ձախ շրջանի երակային համակարգի պաթոլոգիաներ. առկա է արյան շրջանառության և օրգանների կամ վերջույթների ֆունկցիաների առնվազն չափավոր արտահայտված խանգարում, իսկ որոշակի հետազոտությունների արդյունքում արձանագրվել էր առողջական վիճակի վատթարացում:
ՀՀ պաշտպանության նախարարին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմելուց հետո 2018թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին զինծառայողը 2 անգամ վիրահատվել է նախ՝ ձախակողմյան վարիկոցելեի կապակցությամբ, ապա՝ աջ ստորին վերջույթի վարիկոզ լայնացած երակների վիրահատական հեռացում է կատարվել:
2019 թ.-ի փետրվարին որոշում է կայացվել Արմեն Թադևոսյանին վաղաժամ զորացրելու մասին: Վերջինս ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը:
Աղբյուր՝ https://www.shantnews.am