Մեզ հաջողվեց որոշակի համաձայնության հասնել Հայաստանի առողջապահության նախարարության հետ մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխելու դեմ պայքարի մասին օրենսդրական փաթեթին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում,«Ծխախոտի արտադրանքի և դրա փոխարինիչների կիրառումից առողջությանը հասցվող վնասի կրճատման և կանխման մասին» օրինագծերի փաթեթի և հարակից օրենքների քննարկման ընթացքում ասաց հանձաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է գնալ մի շարք զիջումների և, մասնավորապես, հրաժարվել է ծխախոտի բոլոր տեսակների համար ծխախոտի միանման տուփի՝ անկախ դրանց անվանումից և արտադրող ընկերությունից, ներդրման մասին կետից։
Բացի դրանից՝ Առողջապահության նախարարությունը հրաժարվել է հանրային սննդի վաճառակետերում սիգարետների վաճառքի արգելքի կետից, քանի որ դա, խորհրդարանականների կարծիքով, կարող է հանգեցնել ստվերային շուկայի առաջացման և բնակչության շրջանում այսպես կոչված «ինքնապտտման» տարածմանը, ինչը պակաս վնասակար չէ առողջության համար։
«Մենք նաև պայմանավորվել ենք, որ այս օրենսդրական փաթեթից հանվի կիսափակ շինություններում ծխելու արգելքի մասին կետը»,-նշել է Թունյանը։
Պատգամավորը նաև ասել է, որ սիգարետների ցուցադրումը սուպերմարկետների տաղավարներում կարգելվի, բայց, միևնույն ժամանակ, փոքր առևտրակետերում նման արգելք չի մտցվի։ Բացի դրանցի՝ այդ արգելքը չի տարածվի այն խանութների վրա, որոնք հանրապետական օդանավակայանների տարածքներում են։ Ռեստորանների մուտքերի մոտ կարգելեն ցուցանակները, որոնք ազդարարում են, որ այստեղ ծխել կարելի է։
«Այս ամենից բացի՝ մենք պայմանավորվել ենք, որ բոլոր այն կետերը, որոնք կհակասեն կամ հետագայում կհակասեն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին, կհանվեն։ Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի մշակվի և տրամաբանական ավարտի չի հասցվի ԵՏՄ տեխկանոնակարգը»,-ասել է հանձնաժողովի նախագահը։