Առողջապահության նախարարի տեղակալներ Անահիտ Ավանեսյանը և Լենա Նանուշյանը հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությանը` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Շահրոխ Յուսեֆզադեի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Իրանի և Հայաստանի միջև առողջապահության ու բժշկագիտության բնագավառներում ծավալված համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը:
Հայկական կողմը հատկապես հետաքրքրել է օրգանների փոխպատվաստման ոլորտում իրանական կողմի հաջողված փորձով: Կողմերը պայմանավորվել են համագործակցություն ծավալել փորձի և գիտելիքների փոխանակման ոլորտում, ինչպես նաև բանակցել հիվանդների փոխանակման հնարավորության շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել Իրանի առաջատար մասնագետների կողմից օրգանների փոխպատվաստման, բուժքույրերի կրթական ծրագրերի կազմակերպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներում Հայաստանում և Իրանում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորությունները:
Գիլանի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել կիսել իր փորձը և կարողությունները հայ գործընկերների հետ: